ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ ԱՍՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔԸ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՉԷ»

«ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ ԱՍՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔԸ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՉԷ»
21.12.2010 | 00:00

Երեկ «ՈՒրբաթ» ակումբում գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ և նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ հրապարակեցին լրատվամիջոցների և լրագրողների համար սահմանված «Գեղանք» և «Կեղանք» մրցանակաբաշխության առաջին հաղթողների անունները: «Գեղանք» անվանակարգում «Գեղեցիկը կփրկի աշխարհը» մրցանակին և համապատասխան դիպլոմների արժանացան «Իրատես de facto» թերթն ու հեռուստալրագրող Ջուլիետ Կաժոյանը` հանրապետության մշակութային կյանքն անաչառ լուսաբանելու, ստեղծագործական միությունների նկատմամբ լրջմիտ վերաբերմունքի համար:
Մինչ «Կեղանք» անվանակարգին անդրադառնալը, ՀԳՄ նախագահը ևս մեկ անգամ հստակեցրեց` «կեղանք» նշանակում է խոց, քոս, փառ, ոչ ավելին: Նոր և արտառոց այդ մրցանակը ստեղծագործական միությունները սահմանել են գրական, մշակութային արժեքները խեղաթյուրելու, մշակույթի գործիչներին անվանարկելու, ստեղծագործական միությունները վարկաբեկելու, փաստերը նենգափոխելու հարցում սահմանած ռեկորդների համար: «Կեղանք» մրցանակը տրվեց «Ազատամտություն» և «Հայոց աշխարհ» օրաթերթերի լրագրող Կիմա Եղիազարյանին: 1937 թվականին թողարկված խորհրդային երեք ռուբլիանոցի փոքր պատճենը` վկայականով ու փոքրիկ հուշանվերով, չհանձնվեց մրցանակակրին, հասկանալի պատճառով. նա ներկա չէր մրցանակաբաշխությանը, թեև հրավիրված էր: «Մեծ կեղանք» մրցանակին արժանացավ ՀԳՄ նախկին անդամ Աբգար Ափինյանը: Ի տարբերություն նախորդի` ստալինյան թղթադրամի պատճենն ավելի խոշոր էր: Մրցանակները կփոխանցվեն փոստով:
Լրագրողներից մեկն այս մրցանակաբաշխությունը նմանեցրեց հաշվեհարդարի, քանի որ այն սահմանել է տուժող կողմը: «Ո՞վ պետք է մեր դատին տեր կանգնի,- հակադարձեց ՀԳՄ նախագահը:- Կիսագրագետ, մակերեսային, սկանդալային գրչակները պետք է զազրախոսեն, իսկ մենք չասե՞նք` տեր կանգնեք ձեր ասածին: Օրենքը պիտի գործի բոլոր օղակների, այդ թվում` չորրորդ իշխանության համար: Մամուլի դեմ ասված ճշմարիտ խոսքը հաշվեհարդար չէ»: «Իրատես de facto»-ի հարցին` այդ մրցանակները կփակե՞ն նմանատիպ հրապարակումների ճանապարհը, թե՞ նոր դուռ կբացեն դրանց առաջ, ՀԳՄ նախագահն ի պատասխան ասաց, որ ապատեղեկատվության, զազրախոսության դեմ մշտապես կիրառվելու են համարժեք բոլոր միջոցները: «Ի վերջո այս երկիրը պիտի դառնա՞ բարոյական երկիր, մշակութային երկիր, բարության երկիր: Արդեն անհնար է շնչահեղձ չլինել մաղձի, չարության վարկաբեկիչ այս մթնոլորտում»,- դառնությամբ հավելեց նա: Ստեղծագործական միությունների նախագահներն իրենց խոսքն ավարտեցին տարեվերջի բարեմաղթանքներով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2469

Մեկնաբանություններ